Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Խորհրդային տարիներին սոցիալական բարեկեցության դիմաց խլվել են բազմաթիվ բարձրագույն հոգևոր-բարոյական, մշակութային արժեքներ

Խորհրդային տարիներին սոցիալական բարեկեցության դիմաց խլվել են բազմաթիվ բարձրագույն հոգևոր-բարոյական, մշակութային  արժեքներ
10.05.2017 | 09:44

20-րդ դարի սկզբին Ռուսական կայսրությունում տեղի ունեցած Հոկտեմբերյան հեղափոխությունը արմատապես շրջեց ոչ միայն ռուս, այլև Եվրասիայի տարածաշրջանի բազմաթիվ ժողովուրդների պատմության ընթացքը: Խորհրդային Միության ձևավորման և զարգացման 70-ամյա ժամանակաշրջանը, ԽՍՀՄ-ի փլուզումն ու նրա կազմում ընդգրկված հանրապետությունների անկախացման գործընթացը բազմաթիվ պատմագետների, սոցիոլոգների, և առհասարակ ժամանակաշրջանը վերապրած մարդկանց համար առիթ է վերաիմաստավորելու, վերանայելու Հոկտեմբերյան 100-ամյա հեղափոխության ծնունդը, ավարտն ու հետևանքները: Այս հարցերի շուրջ «Իրատեսը» զրուցեց «Երևանյան ակադեմիա» հասարակագետների միջազգային ընկերակցություն» ՀԿ-ի համանախագահ, սոցիոլոգ ՎԱՐԴԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ:

-Հոկտեմբերյան հեղափոխությունը քաղաքական, սոցիալ-տնտեսական, հոգեբանական, մշակութային առումներով ի՞նչ ազդեցություն ու հետևանք ունեցավ խորհրդային բազմազգ պետության, նրա կազմում ընդգրկված բազմաթիվ ժողովուրդների և մասնավորապես հայ ժողովրդի կյանքում:
-Այս հարցի շուրջ շատերն են մտորում: Հայ հասարակության մեջ առկա են բազմաթիվ կարծիքներ, որոնք կարելի է ամփոփել միմյանց հակադիր երկու հիմնական տեսակետներում: 1-ին տեսակետի կողմնակիցների համոզմամբ՝ Հոկտեմբերյան հեղափոխության շնորհիվ 1915 թվականին ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի մի հատվածը փրկվեց լիակատար բնաջնջումից, երկրորդ տեսակետի կողմնակիցների համոզմամբ՝ հայտնի չէ, հեղափոխությունը հայ ժողովրդին փրկե՞ց, թե՞ հետ գցեց համաշխարհային պատմական ներդաշնակ զարգացման հնարավորությունից՝ հետ գցելով համաշխարհային գործընթացներից:
1-ին տեսակետի կողմնակիցները պնդում են, որ Հոկտեմբերյան հեղափոխության շնորհիվ մի ողջ ժողովուրդ ոչ միայն փրկվեց բնաջնջումից, այլև աստիճանաբար կառուցեց տնտեսապես հզոր երկիր: Ինչ խոսք, դրանում կա ճշմարտության զգալի բաժին, սակայն կուզեի խոսել Հոկտեմբերյան հեղափոխության բարոյահոգեբանական և ընդհանրապես արժեքաբանական հետևանքների մասին:
Վ. Ի. Լենինի հռչակած պրոլետարիատի դիկտատուրայի անվան տակ իրականում հաստատվեց ոչ միայն դասակարգային, այլև ազգերի դիկտատուրա, այսինքն՝ որոշ տիրապետություն այլ ազգերի նկատմամբ: Ստեղծվեց խորհրդային բազմազգ կայսրությունը, որը փաստացի 100-ից ավելի ազգերի բռնի միավորում էր: Այդ պետության մեջ նույնիսկ իրավաբանորեն ամրագրվեց տարբեր ազգերի՝ որպես սոցիալական հանրույթների՝ անհավասարությունը: Թիվ 1 տիտղոսային ազգը, բնականաբար, ռուս ազգն էր, 2-րդ էշելոնի ազգերը ստացան միութենական պետության կարգավիճակ, 3-րդ էշելոնի ազգերը՝ ինքնավար հանրապետությունների, 4-րդը՝ ինքնավար մարզերի, ազգային օկրուգների կարգավիճակ, իսկ բազմաթիվ փոքրաթիվ ժողովուրդներ այդպես էլ չստացան պետականության որևէ կարգավիճակ: Խորհրդային գաղափարախոսության նպատակը ազգերի միաձուլումն էր: Պատմությունից հայտնի է, որ 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին և դրանից հետո ԽՍՀՄ-ի տարածքում ապրող բազմաթիվ ազգերի մտավորականներ, գիտնականներ, հասարակական գործիչներ և անգամ շարքային քաղաքացիներ համարվեցին հայրենիքի դավաճաններ, նրանք գնդակահարվեցին կամ աքսորվեցին Սիբիր: Դիկտատուրա կոչվող այդ գաղափարախոսությունը կամ պետական քաղաքական համակարգը խոր արժեքաբանական հետք թողեցին խորհրդային տարածքում ապրող մարդկանց վրա: Պատահական չէր, որ այն տարիներին պաշտոնապես թմբկահարվում էր խորհրդային ժողովրդի՝ որպես պատմական նոր հանրության ձևավորման մասին գաղափարախոսությունը: Խորհրդային միակուսակցական պետական համակարգը մի քանի տասնամյակի ընթացքում լայնարձակ ԽՍՀՄ-ի տարածքում ապահովելով տնտեսական և սոցիալական բարեկեցության որոշակի մակարդակ, միաժամանակ կարողացավ մարդկանց գլխում արմատավորել խորհրդային միասնական, մեծ հայրենիքի գաղափարը ¥ԾՏռ ՈՊՐպր հՏՉպՑրՍՌռ հՏþջ-Ա. Ն.¤: Վերջինս բավականաչափ խոր հետք էր թողել խորհրդային բնակչության զգալի մասի հոգում և գիտակցության մեջ, ուստի պատահական չէր, որ այդ պետության փլուզումից հետո մարդկանց զգալի մասի մեջ առաջացավ յուրօրինակ ¥«հայրենազրկության»¤ զգացողություն. եթե չկա խորհրդային մեծ հայրենիքը, ապա որևէ այլ պետություն չի կարող փոխարինել դրան: Այսինքն, եթե չկա Խորհդային Միությունը, ապա նա այլևս հայրենիք չունի, ուստի որևէ պետության նկատմամբ ևս չունի որևէ պարտավորություն: Այլ կերպ ասած, նա աշխարհի քաղաքացի է, և ցանկացած երկիր կարող է համարվել իր հայրենիքը:
Նման մտածելակերպի, հոգեբանության գլխավոր պատճառը, իմ կարծիքով, այն էր, որ բոլշևիկյան գաղափարախոսական մեքենան տասնամյակների ընթացքում մարդկանց մեծամասնության միջից հիմնավորապես հանեց բազմաթիվ հոգևոր, գաղափարաբարոյական արժեքներ՝ թողնելով գլխավորապես սոցիալ-տնտեսական արժեքները: Խորհրդային պետական մեքենան հետևողական էր հատկապես ազգային արժեհամակարգն արմատախիլ անելու հարցում: Արդյունքում, հոգևոր-բարոյական, ազգային արժեքներին փոխարինեցին սոցիալ-տնտեսական արժեքները, կուշտ լինելու պահանջմունքը դարձավ գլխավոր, եթե ոչ միակ պահանջմունքը: Չնայած անդասակարգ հասարակության կառուցումը հայտարարված էր որպես համայնավարական հասարակության վերջնանպատակ, սակայն պետք է փաստենք, որ խորհրդային պետությունը, հատկապես վերջին մի քանի տասնամյակում, այլևս այն անդասակարգ հասարակությունը չէր, որի մասին պաշտոնապես թմբկահարվում էր տասնամյակներ շարունակ: Արևմտյան բազմաթիվ սոցիոլոգներ փաստում էին, որ ԽՍՀՄ-ում, ինչպես նաև համայնավարական ճամբարի որոշ երկրներում ձևավորվել էին նոր տիպի դասակարգային հասարակություններ:
-Դուք նկատի ունեք Լ. Ի. Բրեժնևի կառավարման ժամանակաշրջա՞նը:
-Շահագործողական դասակարգերն ի հայտ եկան 1950-ականների վերջին և 1960-ականների սկզբներին և գրեթե լեգալացվեցին Բրեժնևի կառավարման ժամանակաշրջանում (1964-1982 թթ.-Ա. Ն.): Նոր ձևավորված շահագործող դասակարգը գործում էր ստվերում, ինչն էլ հանդիսացավ Խորհրդային Միության փլուզման պատճառներից մեկը: ԽՍՀՄ-ում տիրապետող և փաստացի շահագործող դասակարգի կարգավիճակ էին ձեռք բերել բարձրագույն կուսակցական-պետական անվանակարգայինները (նոմենկլատուրան) և վերջինիս հետ փոխկապակցված ստվերային գործարարների խավը, որը հանդիսանում էր երկրի՝ համաժողովրդական սեփականություն հայտարարված ազգային հարստության զգալի մասի փաստացի սեփականատերը: Դա, ըստ էության, ստվերային կապիտալիզմ էր, որում նոր ձևավորված և անանուն շահագործող դասակարգի ներկայացուցիչներից շատերն այդ «երանելի» ժամանակների հանդեպ այսօր էլ համակված են խոր կարոտախտով:
-Սակայն նույն կարոտախտով համակված են նաև մեծ թվով շարքային քաղաքացիներ: Ինչո՞վ եք բացատրում դա:
-Խորհրդային Միության հզոր տնտեսական հնարավորությունների պայմաններում, երբ այդ տնտեսական հզորությունները և բարիքները իրավաբանորեն չունեին կոնկրետ սեփականատերեր, շատերը, ունենալով քիչ ներդրում, ձեռք էին բերել կյանքի համար որոշակի բավարար պայմաններ՝ շնորհիվ աշխատանքային ներդրման հետ կապ չունեցող կամ վերջինիս անհամարժեք լրացուցիչ բարիքներից օգտվելու հնարավորությունների: Անգամ կյանքի նորմ էր դարձել, օրինական աշխատավարձից բացի, կողմնակի եկամուտ ունենալու պայմանը: Պետական գանձարանից, գործարանից, կոլտնտեսությունից կամ որևէ այլ հիմնարկից գողանալը սովորական երևույթ էր: Արդյունքում խորհրդային բնակչության մի զգալի հատված ունեցավ բարոյական արժեքների նկատելի կորուստ: Ինչո՞ւ են այսօր շատերը կարոտում խորհրդային տարիների կենսամակարդակին, սոցիալ-տնտեսական վիճակին, բայց հոգևոր-բարոյական արժեքների կորուստ չեն զգում: Նախ, որ այդ տարիներին այդպիսիք, ըստ էության, զրկված են եղել բարձր հոգևոր-բարոյական արժեքներից (ազգային, թե համամարդկային): Իսկ այն, ինչ չես ունեցել, չես էլ կորցնի, հետևաբար նաև կարոտախտ չի առաջանա: Երկրորդ, խորհրդային տարիներին ապրած մարդկանց զգալի մասը մոռանում է խորհրդային տարիների առաջին 30-40 տարիները, հիշում են միայն վերջին 2-3 տասնամյակի համեմատաբար բարեկեցիկ պայմաններն ու չեն ցանկանում հիշել կամ չեն էլ հասկացել, որ սոցիալական այդ բարեկեցության դիմաց իրենցից աստիճանաբար խլվել են բազմաթիվ բարձրագույն հոգևոր-բարոյական, մշակութային արժեքներ և ամենից առաջ և ամենից շատ՝ ազգային արժեհամակարգը:
-Ձեր կարծիքով, եթե խորհրդային առաջնորդները չշեղվեին սոցիալիզմի և կոմունիզմի զարգացման լենինյան ուղուց, ապա կունենայինք ա՞յլ հասարակարգ:
-Խորհրդային տարիներին շատ այլախոհներ, և ոչ միայն նրանք, համոզված էին, որ խորհրդային լայնարձակ երկրի բազմաթիվ խնդիրները հետևանք են այն իրողության, որ պետության կառավարումը շեղվել է լենինյան ուղուց: Իհարկե, դա տարածված միֆերից մեկն էր: Մինչդեռ, եթե անգամ երկիրը կառավարվեր լենինյան սկզբունքների տառին ու ոգուն համապատասխան, գուցե հետևանքներն ավելի վատ լինեին: Թեև Լենինը պատմության մեջ կմնա որպես մեծ մտածող, բայց նրա քաղաքական համակարգի մոդելի լիակատար կիրառման արդյունքում, հավանաբար, կոչնչացվեր ազգային արժեհամակարգերի վերաբերյալ հիշողությունն ընդհանրապես:
-Կամային թույլ հատկանիշներ և սեփական շահերի պաշտպանության անկարողություն դրսևորող քաղաքացին, Մոնտեսքյոյի բնորոշմամբ, հետո դառնում է լավ ստրուկ: Ձեր կարծիքով՝ քաղաքացիական և բարոյահոգեբանական ի՞նչ կարգավիճակում է հայ քաղաքացին:
-Ցավով պետք է նշեմ, որ մեր հասարակության մեծամասնությունն այսօր չի զգում քաղաքացիության էությունը և քաղաքացի լինելու ողջ հմայքը: Բնականաբար, դա իր պատճառներն ունի: Ես վերևում նշեցի, որ նախկինում մեզանում որոշակիորեն ձևավորվել էր Խորհրդային Միության քաղաքացի լինելու զգացումը, որ, իմ կարծիքով, խաբուսիկ էր, այն առումով, որ մենք, կտրվելով մեր ազգային-պատմական արժեքներից, մեզ աշխարհի հզորագույն պետության քաղաքացի էինք կարծում, որտեղ չնայած իրավաբանորեն հայտարարված էր միացյալ քաղաքացիություն, այնուամենայնիվ, բոլոր ազգերը փաստացի իրավահավասար չէին:
-Դուք ասում եք, որ խորհրդային տարիներին մենք ստրուկ էինք, իսկ մի՞թե այսօր ավելի ազատ ենք, քան նախկինում:
-Այն տարիներին մեծ մասամբ եղել ենք չգիտակցված ստրուկներ, թեև շատերը կարող են չհամաձայնել ինձ հետ: Իսկ ովքեր էլ գիտակցել են` թանկ են հատուցել դրա համար: Այսօր Հայաստանում խիստ պակասում է քաղաքացիական գիտակցությունը, որովհետև «քաղաքացիական գիտակցություն ունեցող» ասելով ես հասկանում եմ մարդ, որն իր ապրած երկրի նկատմամբ ունի տիրոջ զգացում, այդ թվում` ամենից առաջ պատասխանատվության զգացում, հետո միայն` այդ երկրի բարիքներից օգտվելու հնարավորություն և իրավունք: Այսօր մեր երկրի բնակիչներից ուղղակիորեն խլվել է տիրոջ զգացումը, ինչպես նաև իշխանության ձևավորմանը մասնակցելու բարձրագույն քաղաքական իրավունքը, որն անհատին հնարավորություն է տալիս դառնալու քաղաքացի: Հայաստանում փաստացի իշխող մենաշնորհային տնտեսակարգը խստորեն սահմանափակել է մարդկանց նաև տնտեսական իրավունքները: Դրական բարոյա-մշակութային արժեքները նույնպես զարգացման հնարավորություն չունեն, քանի որ մեծապես պայմանավորված են վերը նշված երկու իրավունքների բացակայությամբ: Ազատ և պատասխանատու անձ կարող է լինել այն մարդը, որը, որպես կանոն, ունի սոցիալ-տնտեսական որոշակի անկախություն և իր ապրած երկրում որևէ բան փոխելու քաղաքական իրական երաշխիքներ: Իսկ քաղաքականապես ճնշված, անազատ, սահմանափակ սոցիալ-տնտեսական հնարավորություններ ունեցող և շատ հաճախ զրկանքներով ապրող մարդուց քաղաքացիական բարձր գիտակցություն ու գործելակերպ ակնկալելն անիմաստ է: Սա է պատճառը, որ քայլ առ քայլ մեր քաղաքացիներից շատերը փաստացի համալրում են չհայտավորված ստրուկների շարքերը, որոնք պատրաստ են հանապազօրյա հացի համար մի քանի հազար դրամով վաճառելու իրենց բարձրագույն իրավունքները: Ցավոք, ստրկամտությունը հայաստանյան ներկայիս հասարակությանը բնորոշ, տիրապետող հոգեբանություն ու մտածելակերպ է դարձել: Ընտրությունները դրա վառ ապացույցն են: Վերջին 3-4 ընտրություններում գնալով ավելի ու ավելի է օրինականացվում «ընտրակաշառք» երևույթը, որը մի խումբ տիրապետողների ձեռքում իրենց իշխանության վերարտադրման լավագույն միջոցն է, ինչը կարող է հանգեցնել ազգակործան հետևանքների:
-Անկախությունը բացարձակ արժեք է, բայց կա՞, արդյոք, բացարձակ անկախություն:
-Այո, անկախությունը բացարձակ արժեք է, սակայն ցավալի է, որ մեզանում այն հաճախ արժեզրկվում է, չի գիտակցվում նույնիսկ, որ մեզ անկախ պետություն ունեցող ազգ լինելու գուցե և պատմականորեն վերջին հնարավորությունն է տրված: Ինչ վերաբերում է բացարձակ անկախ պետությունների գոյությանը, ապա այդպիսիք չեն եղել անցյալում, առավել ևս չկան այսօր, երբ մոլորակի բոլոր երկրները փոխկապված են տեղեկատվական, տեխնիկական, տրանսպորտային, ռազմաքաղաքական և տնտեսական առումներով, ուստի կարելի է խոսել միայն հարաբերական անկախության մասին: Չնայած հարաբերական անկախության միջակայքը չափազանց մեծ է, և խնդիրն այն է, թե այս կամ այն պետությունը այդ միջակայքի որ հատվածում կարող է հայտնվել: Ինչ վերաբերում է մեր երկրի փաստացի անկախությանը, ապա Հայաստանն այսօր հասել է անկախության պահպանման համար անհրաժեշտ ռեսուրսների լիակատար մսխման վտանգավոր սահմանագծին:
-Նշանակում է, որ մենք ուժեղ լիդերի կարի՞ք ունենք:
-Շատ կարևոր է ճշտել «ուժեղ լիդեր» հասկացությունը: Կա ուժեղ լիդեր, որը կարող է միայն մեկ ճակատամարտում հաղթել, որովհետև իր կոչումը այդ ընթացքում դաշտային հրամանատար լինելն է: Իսկ մեկ ուրիշն էլ կարող է տնտեսության մեջ կամ մեկ այլ ոլորտում հասնել նշանակալի հաջողությունների: Իսկ երբ նրանց փորձում ենք տեղափոխել քաղաքական դաշտ և հռչակել պետության ղեկավար, պարզվում է, որ նրանք այնտեղ անելիք չունեն: Ես անձամբ հակված չեմ մեր ձախորդությունները բացատրելու ուժեղ լիդերի բացակայությամբ: Մեր խնդիրը համակարգային է: Ժամանակակից հայ ազգային լիդերի համար միայն ազգային, պատմական արժեքների կրողն ու գիտակը լինելը քիչ է: Այսօրվա առաջնորդները պետք է նաև ունենան մի շարք դրական բարոյակամային հատկանիշներ, այդ թվում՝ ազնվություն, արդարամտություն, վճռականություն: Ընդ որում՝ այնպիսի ազնվություն, որը, ինչպես բանաստեղծը կասեր, «չի փոխվում, ոնց էլ շուռ տաս»: Բացի այդ, նրանք պետք է գերազանց զգան նաև ժամանակակից համաշխարհային զարգացումների տրամաբանությունը, ոչ միայն գերազանց իմանան համաշխարհային «մեծ երթևեկության» կանոնները, այլև կարողանան այդ բարդ ու սրընթաց երթևեկության մեջ լավագույնս վարել մեր ազգի «փոքրիկ ավտոմոբիլը»` ապահովելով դրա անվթար ու անխափան ընթացքը, որպեսզի ոչ միայն կարողանանք որպես ազգ հենց մեր հայրենիքում պահպանել մեր հավաքական գոյությունը, այլև աշխարհի ժողովուրդների խայտաբղետ քարտեզի վրա պահպանենք մեր պայծառ գույնը և շատ ժողովուրդների պես չհայտնվենք պատմության ճամփեզրին:

Զրույցը՝
Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2259

Մեկնաբանություններ